Գլխավոր էջ
ՀՀ ԲՈՀ-ի մասին
Պատմական ակնարկ
Կառուցվածք
Աշխատակազմ
Կապ մեզ հետ
Իրավական ակտեր
Անվանացանկ
Պարբերականներ
Մասնագիտական խորհուրդ
ԲՈՀ-ի որոշումներ
Տարեկան ցուցանիշներ
Միջազգային կապեր
 
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ

    Գիտական աստիճանների և գիտական կոչումների պատմությունը սկսվել է համապատասխանաբար 12-րդ դարում Իտալիայում և 16-րդ դարում Անգլիայում:
Համապատասխան չափանիշներով իրականացվող գիտական աստիճանաշնորհումը բազմափուլ գործընթաց է, որի էական պայմաններից է հեղինակավոր գիտնականների մասնակցությունն այդ գործում և փորձաքննությունը:
Մինչև 20-րդ դարասկիզբը մեր հայրենակիցները հայցել են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ Ռուսաստանի Կայսրությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ պետություններում` արժանացել բնագիտության, բժշկագիտության, արևելյան լեզուների, իրավունքի, փիլիսոփայության, տնտեսագիտության և այլ բնագավառներում գիտական տիտղոսների:
Խորհրդային Հայաստանում ատենախոսությունների պաշտպանությունները և գիտական աստիճանների շնորհումը սկսվեց 1935թ.-ից: Այդ տարիներին Հայաստանի գիտնականների մի մասը գիտական աստիճան հայցելու համար ատենախոսություններ էին պաշտպանում Հայաստանից դուրս` Մոսկվայի, Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ), Կիևի, Թբիլիսիի և այլ քաղաքների գիտական կենտրոններում:
Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին իսկ տարիներից հիմնադրեց գիտական որակավորման ինքնուրույն համակարգ: Ներկայումս գործող որակավորման հանրապետական մարմինը` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ՀՀ ԲՈՀ) ստեղծվել է ՀՀ կառավարության 1993թ. մայիսի 17-ի թիվ 241 որոշմամբ, որպես Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին, իսկ ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1948-Ն որոշմամբ այն գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում որպես գործադիր իշխանության հանրապետական մարմին:
ԲՈՀ-ի գործառույթներն ամրագրվեցին նաև 2000թ. վավերացված <<Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին>> ՀՀ օրենքում, համաձայն որի ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դեցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ:


Արեգ Գրիգորյան
ԲՈՀ-ի նախագահ
1993-1998թթ., տ.գ.դ. պրոֆ.

Ներկայումս գործող համակարգում, ի տարբերություն նախկինում գործող համակարգի, նաև միջազգային փորձին համապատասխան, ԲՈՀ-ը հաստատում է և վկայագրով կամ դիպլոմով ամրագրում մասնագետ-գիտնականների խմբի` մասնագիտական խորհրդի կողմից գիտական աստիճանի կամ գիտական խորհրդի կողմից գիտական կոչման շնորհումը:



Գևորգ Բաղդասարյան
ԲՈՀ-ի նախագահ
1998-2002թթ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ըստ գործող կանոնակարգի ԲՈՀ-ը իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ:
Հայաստանում տրվում են գիտական աստիճանի եռալեզու վկայագիր` համապատասխան տերմինաբանությամբ (հայերեն` թեկնածու և դոկտոր, ռուսերեն` թարգմանությունը և անգլերեն` մասնագիտության դոկտոր և գիտության դոկոտր), հիմք ընդունելով գիտական աստիճանի վկայագրերի համադրելիության անհրաժեշտությունը:
ԲՈՀ-ի հիմնական գործառույթներն ընդգրկում են.
1. մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը,
2. գիտական որակավորման չափանիշների պահպանումը:
Դա ապահովելու նպատակով ԲՈՀ-ը իրականացնում է.
1. գիտական աստիճանաշնորհման անվանացանկի պարբերական լրամշակում,
2. որակավորման քննությունների և ստուգարքի կազմակերպում,
3. պետական չափանիշների պահպանման նախապայմանով գիտական աշխատանքների որակի ստուգում, փորձաքննության իրականացում,
4. ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման հարցում որակի պահպանման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակի կազմում,
5. գիտական աստիճանների և կոչումների պետական նմուշի վկայագրերի հանձնում,
6. օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների կամ կոչումների փաստաթղթերի
համապատասխանեցում:
Ընթացիկ աշխատանքները ընդգրկում են նաև որակավորման գործերի արխիվացումը, Ազգային գրադարան ատենախոսությունների հանձնումը, տեղեկատվական բազայի պահպանումը, լրամշակումը և շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն:



 
Copyright 2009 © Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով:  Programming & design CompLab LLC